Սարգիս Խանդանյանն իր ադրբեջանցի գործընկերոջն առաջարկել է խորհրդարանական հանձնաժողովների հանդիպում անցկացնել

Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն Ադրբեջանի Միլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին առաջարկել  է Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների հանդիպում անցկացնել։

Սարգիս Խանդանյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ 

«Ադրբեջանի Միլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին առաջարկել եմ հանձնաժողովների հանդիպում անցկացնել։

Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ, ինչը նշանավորում է փաստաթղթի շուրջ բանակցությունների ավարտը։

Կարևորելով մեր դերը՝ որպես ուղղակիորեն ժողովրդի կողմից ընտրված և նրանց շահերը պաշտպանելու պատասխանատվություն ստանձնած խորհրդարանականներ, մենք գիտակցում ենք, որ համաձայնագիրը ստորագրվելուց հետո պետք է վավերացվի երկու երկրների խորհրդարանների կողմից։ Որպես Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ` ես առաջարկել եմ իմ պաշտոնակցին՝ Ադրբեջանի Միլի Մեջլիսի արտաքին և միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամադ Սեյիդովին, մեր գլխավորած հանձնաժողովների համատեղ հանդիպում անցկացնել։ 

Այս հանդիպումը հնարավորություն կստեղծի քննարկումներ ունենալ խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ կարծիքների փոխանակման և դրա վավերացման գործընթացի շուրջ: Ավելին, այն հնարավորություն կտա քննարկելու խաղաղության գործընթացում խորհրդարանների դերին առնչվող հարցեր՝ խթանելով միջխորհրդարանական համագործակցության ապագայի շուրջ երկխոսությունը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ խորհրդարանական հարթակներում:

Այսպիսի նախաձեռնությունը կարող է լրացնել մեր երկրների կողմից ձեռնարկվող վստահության ամրապնդման այլ միջոցառումները և նպաստել տարածաշրջանային կայունության ամրապնդմանը։ Հուսով եմ, որ Միլի Մեջլիսի իմ պաշտոնակիցը դրական կարձագանքի, և կկարողանանք համաձայնեցնել հանդիպման օրը, վայրը և այլ անհրաժեշտ մանրամասները։ Որպես առաջին հանդիպման վայր՝ կարող ենք դիտարկել Հայաստան-Ադրբեջան սահմանին գտնվող չեզոք տեղանք»,- գրել է Խանդանյանը։ 

Հայաստանն ու Ադրբեջանը մարտի 13-ին հայտարարել են խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցնելու և դրա շուրջ բանակցություններն ավարտելու ուղղությամբ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկել է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ, Ադրբեջանը, մինչդեռ, նախապայմաններ է առաջ քաշում համաձայնագիրը ստորագրելու համար։ Մասնավորապես, ադրբեջանական կողմը շարունակում է պնդել կեղծ թեզը, թե Հայաստանի Սահմանադրությունը իբր տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ՝ որպես խաղաղության համաձայնագիրը ստորագրելու նախապայման դնելով ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցը։ Ադրբեջանի երկրորդ նախապայմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն է։ Նախապայմաններին զուգահեռ Ադրբեջանը մի քանի օր է՝ շարունակում է կեղծ լուրեր տարածել, թե Հայաստանի զինված ուժերը սահմանի տարբեր հատվածներում իբր կրակում են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով