Նիդերլանդների դեսպանը հայտնել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի շուրջ ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցելու պատրաստակամություն

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին:

«Մեր երկրները համագործակցության կարևոր օրակարգ ունեն»,- ողջունելով դեսպանին` ասել է նախարարը` նշելով, որ առողջապահական և կրթական ծրագրերի բազմազանությունը երկրի հաջողությունն է, ուստի աշխատանքները հարկ է ընդլայնել և նոր նախագծեր ներդնել:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, անդրադառնալով առողջապահության նախարարության առաջնահերթություններին` Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխումները, մարզային բժշկական ամբուլատորիաների կառուցման աշխատանքները, առողջապահական ծառայությունների որակի բարելավմանն ուղղված քայլերը, կադրերի մասնագիտական շարունակական զարգացման գործընթացը, բժիշկների լիցենզավորումը վերսկսելու կարևորությունը: Նախարարն ընդգծել է, որ առողջության համապարփակ ապահովագրության ներդրումը բուժօգնության մեծ ծածկույթ ապահովող փուլային գործընթաց է լինելու, և մոդելի մշակման հարցում խորհրդատվական աջակցություն են ցուցաբերել Նիդերլանդներից ժամանած անկախ փորձագետները:

Դեսպանը նշել է, որ այցելել է մարզեր, ծանոթացել կարիքներին, և հայտնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի շուրջ համագործակցություն ծավալելու պատրաստակամություն: 

Նշվում է, որ, կարևորելով բժշկագիտության ոլորտի առաջընթացը, կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1214483

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով