aysor.am։ ՀՀ կառավարության ներկայացուցիչները շաբաթ օրը առցանց խորհրդակցություն են ունենալու «Էլարդ» ընկերության փորձագետների հետ՝ քննարկելու Ամուլսարի շահագործման ռիսկերը։ Այս մասին այսօր ջերմուկցի ընտանիքի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սկայպ կոնֆերանս ենք հրավիրելու վերջիններիս հետ և նրանց հարցնելու ենք, թե ինչ են եզրակացության մեջ գրել», – ասաց կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ նշված խորհրդակցության տեսագրությունն ավելի ուշ հրապարակվելու է, և հասարակությունը հնարավորություն է ունենալու ոչ միջնորդավորված ձևով տեղեկանալ քննարկման մանրամասներին։
«Կան շատ մարդիկ, որոնք ասում են, որ թեկուզ պարզվի՝ Ամուլսարի շահագործումն անվտանգ է, միևնույն է՝ դեմ են շահագործմանը։ Եթե պարզվի, որ գործունեությունը շրջակա միջավայրի համար անվտանգ է, ինչո՞ւ չպետք է թողնենք։ Պոտենցիալ ներդրողի համար չկան ներկա և նախորդ իշխանություններ, կա ՀՀ օրենք։ Կա անվտանգության, քաղաքական և բարոյական շահ։ Հետևաբար մեր որոշումները պետք է լինեն այնպիսին, որ մի շահի սպասարկման հաշվին չլինեն։
Եթե պարզվի, որ չկան Ջերմուկի օդն ու ջուրը մաքուր պահելու միջազգային ստանդարտների երաշխիքներ, միանշանակ է, որ հանքը չի կարող շահագործվել։ Ես այստեղ չունեմ կոռուպցիոն շահ, միակ շահը Հայաստանի հավասարակշռված շահն է», – ասաց վարչապետը։
Մեկ այլ ջերմուկցի վարչապետի հետ զրույցում հույս հայտնեց, որ Ամուլսարի հանքը որպես ձկան փուշ չի մնա իրենց կոկորդին։
«Հարցը մի քիչ էմոցիոնալ դաշտում է՝ ռացիոնալության դաշտից դուրս։ Իսկ ռացիոնալ դաշտ հետևյալն է՝ օդ, ջուր, հող, փոշի։ Եթե հանքը սրանց վնասում է, քննարկելու որևէ բան չկա։ Սխալ որոշում չի լինի», – ասաց վարչապետը։