ՔԿԾ աշխատակիցների գործողությունների հետևանքով պետության օրինական շահերին հասցվել է 13.122.000 դրամի վնաս

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները բացահայտել են Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատակիցների ապօրինությունները: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Ըստ նախնական տվյալների, քրեակատարողական ծառայության գնումների գործընթացը գնահատող հանձնաժողովի պատասխանատու անձը, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, իր անմիջական պետի կողմից տրված ցուցումները կատարելու անձնական շահագրգռվածությունից ելնելով` չարամտորեն խախտել է հրապարակային սակարկությունների անցկացման կարգը և կառավարության որոշմամբ սահմանված գնումների գործընթացի կազմակերպման մասին պահանջները:

Այդպիսով, 2016-2017 թվականներին սննդամթերքի ձեռք բերման համար հայտարարված մրցույթների փուլում առավել ցածր գնային առաջարկ ներկայացրած տարբեր տնտեսվարողներից ապրանքի նմուշ ու սերտիֆիկատ պահանջելու և այդ կերպ նրանց համար արհեստական խոչընդոտներ ստեղծելով՝ անհիմն մերժել է հայտերն ու պայմանագրեր կնքել առավել բարձր գնային առաջարկ ներկայացրած այլ տնտեսվարողների հետ:

Արդյունքում պետության օրինական շահերին պատճառվել է 13.122.000 դրամի էական վնաս, ինչպես և հեղինակազրկվել է պետական մարմնի համբավը: Այնուհետև քրեակատարողական ծառայության մի խումբ պաշտոնատար անձինք փաստացի ապրանքների ձեռք բերման մրցույթների անցկացված չլինելու պայմաններում կազմել են հիշյալ մրցույթներն անցկացված լինելու և տնտեսվարողների հայտերը մերժելու վերաբերյալ կեղծ արձանագրություններ, որոնք նույն ծառայության նյութատեխնիկական ապահովման բաժնի ղեկավարության կողմից ներկայացվել, ապա հաստատվել են ժամանակավորապես կարգադրիչ լիազորություններով օժտված հանձնաժողովի անդամների կողմից: Հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ նախաքննության:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով