hetq.am։ Երեկ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրոտական կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը «Հետքին» հարցազրույց էր տվել, որից հետո նրա կուսակից Գարեգին Միսկարյանը լուսանկար էր հրապարակել վարչապետի հետ հանդիպումից, որին ներկա էր նաեւ Սահակյանը:
Պարոն Սահակյան, ո՞ւմ նախաձեռնությամբ էր հանդիպումը, եւ ի՞նչ հարցեր քննարկվեցին:
-Պարոն Միսկարյանի հետ հանդիպումը նախատեսված էր վաղուց, իսկ հանդիպմանը վարչապետի արարողակարգի ծառայության կողմից իմ ներկա լինելու խնդրանքը եղել է հանդիպումից մեկ օր առաջ: Հանդիպումը ոչ պաշտոնական էր: Քաղաքական հարցերից հանգամանալից քննարկվել է միայն Ամուլսարի հարցը: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում:
Ի՞նչ եք կարծում՝ կառավարության դիրքորոշման փոփոխություն այդ հարցում սպասելի՞ է առաջիկայում:
-Ես կարծում եմ, որ Ամուլսարը հանք չի դառնալու: Մենք ամեն ինչ անելու ենք դրա համար, եւ կառավարությունը կամա թե ակամա պետք է հաշվի նստի քաղաքացիների իղձերի, ցանկությունների հետ: Որեւէ կառավարության գոյության իմաստը դա է: