panarmenian.net: Տնտեսվարողների նկատմամբ տուգանքների սանկցիան կիրառվելու է ծայրահեղ դեպքերում: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
«Տնտեսվարողների նկատմամբ վարչարարությունն իրականացվում է մոնիթորինգային գործիքակազմով, և տուգանքի սանկցիան կիրառվելու է ծայրահեղ դեպքում, դա վերջին կիրառման ենթակա գործիք է, որից այս պահին ձեռնպահ ենք մնում», – ասել է Անանյանը, հայտնում է Aysor.am-ը:
Միևնույն ժամանակ ՊԵԿ նախագահւ նշել է՝ դա չի նշանակում, որ եթե հայտնաբերվեն խախտումներ, կաշկանդված են լինելու գործել:
«Որպես ՊԵԿ նախագահ՝ չեմ կարող ասել, որ գնացեք տեսեք հսկիչ դրամարկղի կանոնների շահագործման խախտում կա կամ առանց ՀԴՄ կիրառման առևտրային գործունեություն է իրանացվում, երբ դրա պարտադիր պահանջը կա ու դուք մի տուգանեք, նման պահանջ ի պաշտոնե չունեմ տալու: Դա կլինի նախ օրենքի խախտում, հետո վարչարարության սխալ իրականացում», – նկատել է նա:
Անանյանի խոսքով՝ եթե բիզնեսը նոր է բացվել, ապա տնտեսվարողը կարող է իր գործունեությունն իրականացնել մինչև ՀԴՄ ձեռքբերելը:
«ՊԵԿ-ը ձեռնպահ կմնա նրան անմիջապես տուգանելուց, բայց կայցելի տնտեսվարողին ու մոնիթորինգային կարգով վարչարարություն կիրականացնի: Եթե նա իր գործունեության արդյունքները ճիշտ կհայտարարագրի, մենք այդ պահին հսկիչ դրամարկղի մեքենայի չկիրառման հետ կապված իրեն այդ պահին չենք տուգանի», – հավաստիացրել է նա: