Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Էդգար Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել, որը ենթադրում է մինչև 5 տարվա ազատազրկում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Դուրս եկանք քննչականից, Էդգարին առաջադրվեց մեղադրանք, որը ենթադրում է մինչև 5 տարվա ազատազրկում»,-գրել է նա։
Էդգար Ղազարյանին մեղադրանք են ներկայացրել հրապարակային քննադատական խոսքի համար՝ Քրեական օրենսգրքի 490 հոդվածով (Դատավորի, դատախազի, քննիչի, փաստաբանի […] մասին արատավորող կամ նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը […])։
Մելիքյանի խոսքով՝ Ղազարյանը հանդես է եկել քննադատությամբ, և նրա խոսքը չի պարունակել հայհոյանք կամ վիրավորանք։
Այս պահին որպես խափանման միջոց ընտրվել է երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։ Վաղը տեղի կունենա դատական նիստ՝ վարչական հսկողության սահմանելու մասին։
Հիշեցնենք, որ Էդգար Ղազարյանն ավելի վաղ հայտնել էր, որ իրեն հրավիրել են ՔԿ ծանր հանցագործությունների բաժին՝ հարցաքննության։