Փարիզն առաջարկել է Լիբանանում ֆրանսիական խաղաղապահ ուժեր տեղակայել |armenpress.am|

armenpress.am: Փարիզն առաջարկել է հարավային Լիբանանի՝ իսրայելական բանակի հսկողության տակ գտնվող վայրերում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի (UNIFIL) զինվորներ տեղակայել, այդ թվում՝ ֆրանսիացի: Այս մասին հայտնում է Al-Akhbar լրատվականը։

«Հրադադարը երկարաձգվել է մինչև փետրվարի 18-ը, որն Իսրայելի ուժերի վերջնական դուրսբերման ակնկալվող ժամկետն է», – ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Նոել Բարոն Փարիզում Սիրիայի հարցով միջազգային համաժողովի ավարտին կայացած մամուլի ասուլիսում։ 

Բարոն հավելել է, որ իր երկիրն աշխատել է «այս առաջարկի ձևակերպման վրա, որը կարող է բավարարել Իսրայելի անվտանգության նկրտումները, որը ծրագրում է մնալ ավելի երկար ժամանակով»։

Ավելի վաղ հրեական պետությունը հայտարարել էր, որ ցանկանում է փետրվարի 18-ից հետո իր ուժերը պահել հարավային Լիբանանի հինգ վայրերում։ Ի պատասխան դրա՝ Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրին կտրականապես մերժել է հարավային Լիբանանում իսրայելական ռազմական ներկայության երկարաձգման հնարավորությունը և ընդգծել, որ լիբանանյան բանակը ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի աջակցությամբ կկատարի սահմանին անվտանգության ապահովման խնդիրը։ 

Փարիզը նման նախաձեռնությամբ հանդես է եկել այն բանից հետո, երբ Լիբանանը հրաժարվել է երկարաձգել իսրայելական զորքերի ներկայությունը սահմանամերձ մի շարք շրջաններում։ 

Ֆրանսիան առաջարկել է թվով 700 զինվոր տեղակայել UNIFIL-ի ֆրանսիական զորակազմից, ինչին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հավանություն է տվել:

Լիբանանի կառավարությունը փետրվարի 17-ին կքննարկի Ֆրանսիայի առաջարկը՝ հաշվի առնելով, որ Իսրայելի դիրքորոշումը մտահոգիչ է և սպառնում է նոր ռազմական էսկալացիայով։

2024 թ․ նոյեմբերի 27-ից Իսրայելի և լիբանանյան «Հեզբոլլահ»-ի միջև գործում է հրադադարի համաձայնագիր, որի նպատակն է վերջ դնել շուրջ մեկ տարի տևած անդրսահմանային գնդակոծություններին, որոնք վերածվել էին բաց առճակատման՝ սկսած 2024 թ. սեպտեմբերից։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով