azatutyun.am: Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում աշխատավարձերը բարձրացնելու ու աշխատանքային պայմաններ բարելավելու պահանջով արդեն 11 օր է՝ գործադուլ է: Այսօր ընկերության մուտքի դիմաց դարձյալ ցույց էր։
Մի քանի տապալված բանակցությունից հետո ընկերությունն այսօր հայտարարեց աշխատավարձերը միջինը 20 տոկոսով ավելացնելու մտադրության մասին, նաև երաշխավորում են՝ օդափոխության ժամանակակից համակարգեր կտեղադրեն՝ ըստ էության հաստատելով դրանց հետ կապված աշխատակիցների բողոքները։
Գործադուլի մասնակիցները, սակայն, այս հայտարարությունից հետո էլ ակցիան շարունակում են, ասելով՝ դրական փոփոխություն են տեսնում ընկերության գործողություններում, բայց կոնկրետություն են ուզում:
«Մինչև 20 տոկոսը բոլորի համար համեմատելի չէ՝ մեկը քիչ փող է ստանում, մեկը՝ շատ: Պետք է բոլորինը համատեղ բարձրանա», – ասաց աշխատակիցներից մեկը:
«Մարդկանց ընդունեն աշխատանքի, ում հեռացրել են, չսադրեն, չվախեցնեն, որ աշխատանքից կհեռացնեն», – պահանջը ներկայացրեց մյուս աշխատակիցը:
Գործադուլը համակարգող խորհրդից, սակայն, ավելի ուշ հայտնեցին՝ բանակցությունները վերսկսել են, միջնորդում է նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, սյունեցի Արմեն Խաչատրյանը։ Պատգամավորի հետ առայժմ կապ հաստատել չի հաջողվել, ընկերությունից հաստատում են՝ Խաչատրյանը կոմբինատ է եկել, բայց թե ինչ օրակարգով ու լիազորություններով՝ չեն մանրամասնում։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։