armenpress.am: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ ստորաբաժանումը 2019-ի հունվար-նոյեմբեր ամիսներին հայտնաբերել է միմյանց հետ փոխհամաձայնեցված սկզբունքով գործող հարկ վճարողների: 39 գործող բիզնես արհեստականորեն տրոհվել է 96 հարկ վճարողի՝ պակաս հարկեր վճարելու նպատակով:
Այս մասին ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ նույն բիզնեսը տարբեր մասերի բաժանելը հարկեր վճարելուց խուսափելու նպատակ է հետապնդում: «Այս ուղղությամբ օպերատիվ ստորաբաժանման կողմից միջոցառումները շարունակվել են, և թվով 39 դեպքով հիմնավորվել է, որ թվով 96 հարկ վճարող գործունեություն են իրականացրել միմյանց հետ փոխհամաձայնեցված սկզբունքով: Սա նշանակում է, որ 39 գործող բիզնես տրոհվել է 96 հարկ վճարողների միջև՝ շրջանառության ծավալները բաշխելու և ավելացված արժեքի հարկի դաշտում գործելուց խուսափելու նպատակով»,- ասաց Հովհաննիսյանն ու հավելեց՝ հաշվարկվել են լրացուցիչ հարկային պարտավորություններ:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք լրացուցիչ ռիսկեր չե՞ն տեսնում 2020-ի հունվարից ուժի մեջ մտնող նոր փոփոխությունում, որով մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող միկրոձեռնարկատիրության սուբյեկտները ստանում են հարկային արտոնություններ՝ Հովհաննիսյանը պատասխանեց՝ ռիսկեր միշտ են տեսնում:
«Նման օրենսդրական փոփոխության հետևանքով ռիսկերը կարող են լինել այն առումով, որ որոշ տնտեսավարող սուբյեկտներ կարող են արհեստականորեն տեղավորվել միկրոձեռնարկատիրության համակարգով գործելու շրջանակում և ազատվել հարկերից»,-ասաց նա ու հավելեց՝ իրենց հսկողական աշխատանքներն ուղղված են լինելու նշված ռիսկերը վերհանելուն, հիմնավորելուն ու հետագա ընթացքը լուծելուն: