Պետբյուջեով ֆինանսավորվող ֆիլմերի 45 տոկոսը դեբյուտային նախագծերն են. Արա Խզմալյան |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ֆիլմարտադրությանը հատկացվող պետական բյուջեի շուրջ 45 տոկոսը տրամադրել է դեբյուտային ծրագրերին, ինչը վկայում է երիտասարդ ստեղծագործողների շրջանում պետական կառույցի հանդեպ վստահության մակարդակի բարձրացման մասին:

Այս մասին դեկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

«Ես հուսադրված եմ կինոյի ոլորտի աշխատաոճով. կինոյի ոլորտի ներկայացուցիչները ոչ թե իրենց հատկացվող ֆինանսավորման ավելացման հարց դրեցին, այլ ինստիտուցիոնալ բարեփոխումների ճանապարհով գնացին ու բարձրացրին օրենքի նախագիծ ունենալու խնդիրը։ Կինոյի մասին օրենքի` այժմ երկու նախագիծ կա, որոնք պետք է համադրել ու մեկ փաթեթով մտնել Ազգային ժողով»,-ասաց փոխնախարարը։

Խզմալյանի խոսքով` կինոգործիչների ընտրած ճանապարհը պետք է օրինակելի լինի մյուս ոլորտի ներկայացուցիչների համար։ Փոխնախարարը նշեց նաև, որ հաջորդ տարի թվայնացման մասնագետներ կհյուրընկալվեն Հայաստանում: «Հայաստանը պետք է մշակի կինոժառանգության պահպանման ու դրա հանրայնացման ծրագիր»,-շեշտեց փոխնախարարը։

Հարցին, թե ի՞նչ է լինելու «Հայֆիլմ»-ի ճակատագիրը, Խզմալյանը պատասխանեց, որ այն չի կարող ունենալ այն անցյալը, որն ունեցել է։ «Աշխարհը վաղուց այլ ճանապարհով է գնում, և պետությունը չի զբաղվում կինոարտադրությամբ։ «Հայֆիլմ»-ի շենքն ու տարածքը պետք է առանձնացնենք «Հայֆիլմ» բրենդից»,-ընդգծեց նա:

Մեկ այլ հարցի, թե հնարավո՞ր է` ընկերության տարածքը սեփականաշնորհվի ու ոչ ֆիլմարտադրության համար օգտագործվի, Խզմալյանը պատասխանեց, որ ամեն ինչ հնարավոր է։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով