1lurer.am: Կառավարության այսօրվա նիստում 1,2 մլրդ դրամ հատկացվեց Արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ վերանորոգման և հատուկ տեխնիկայի ձեռքբերման նպատակով:
ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը նշեց, որ հրշեջ-փրկարարական ջոկատները գտնվում են 60-70-ականներին կառուցած տիպային շենքերում, որոնք բավականին հնամաշ են, իսկ տեխնիկայի գերակշիռ մասը՝ 60 տոկոսը և մի փոքր ավելին, «Զիլ 130» և «Զիլ 131» մակնիշի մեքենաներ են՝ ԽՍՀՄ արտադրության, որոնք թե՛ բարոյապես, թե՛ տեխնիկապես գտնվում են բավականին հնամաշ վիճակում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հիմնական գումարը ծախսվելու է մի շարք հրշեջ-փրկարարարական ջոկատների տեղակայման վայրերի հիմնանորոգման կամ նորոգման համար, և ընդգծեց, որ նորոգում ասելով նկատի ունի, որ շենքում հին գույք չպետք է լինի:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ տեխնիկայի բարելավման շրջանակներում նախատեսվում է թարմացնել մեքենաների ավտոպարկի շուրջ 12,5 տոկոսը:
«Ուզում եմ ընդգծել, որ ՀՀ-ը բավական շոշափելի աջակցություն է ստացել տեխնիկայի թարմացման առումով Ճապոնիայի կառավարությունից, և ՌԴ-ն է աջակցություն ցուցաբերել, բայց մեր պարտավորությունն է մեր պետական ինստիտուտները կայացնելը: Խոսվում թ նաև կենցաղային և այլ կանչերի համար նախատեսված ամենագնացների ավտոպարկի թարմացման մասին, որի ավելացումը տվյալ դեպքում կկազմի շուրջ 20,7 տոկոս»,- հայտնեց վարչապետը: