lragir.am։ Սևանա լճի հետ կապված բոլոր գործողությունները միտված են լճի մակարդակի բարձրացմանն ու կեղտաջրերի և օրգանական նյութերի ներհոսքի նվազեցմանը: Այս մասին այսօր խորհրդարանում 2020 թվանանի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ պատգամավորների հարցին ի պատասխան ասաց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: Նրա խոսքով՝ այդ երկու գործողություններն են, որ պետք է բերեն Սևանի ջրի մակարդակի, որակի բարձրացմանը:
«Կա ծրագիր, կա հաստատված Սևանի մասին օրենք, որով մինչև 2030 թվականը նախատեսվում է, որ լճի մակարդակը պետք է բարձրանա 1903.5 մետր, որպեսզի ապահովվի հավասարակշռությունը և անդառնալի կորուստներ չլինեն: Բայց այդ հաշվարկներն իրականացվել են այլ ելակետային պայմանների ժամանակահատվածում, այսինքն՝ և կեղտաջրերի ներհոսքն է քիչ եղել, և բնակլիմայական փոփոխություններն այսքան ավելի խոցելի չեն եղել»,- ասաց նախարարը:
Նա նշեց, որ Գերմանիայի կրթության նախարարությունը մի քանի օր առաջ մոտ կես մլն եվրոյի չափ դրամաշանորհ է տրամադրել գերմանական ինստիտուտին, որպեսզի Սևանի մասով հետազոտություններն իրականացնեն՝ վերջնական ռազմավարական գնահատական ստանալու համար: