armenpress.am։ Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի նոր պատժամիջոցները խոսում են նրա հուսահատության եւ իր նպատակներին դիվանագիտությամբ հասնելու անկարողության մասին: Այս հայտարարությունն արել Է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:
«Նման գործողությունները խոսում են միայն այդ ռեժիմի հուսահատության եւ դիվանագիտությունը շահավետ օգտագործելու անկարողության մասին»,- Մուսավիի խոսքը մեջբերել Է Իրանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունը:
«Միակողմանի սահմանափակումների դիմելու ԱՄՆ-ի գործելակերպը այդ երկրի քաղաքական գործիչներին դարձրել Է բացարձակ պասիվ, ընդունակ միայն անհեթեթ պատժամիջոցների»,- ասել Է նա:
Նոյեմբերի 4-ին ԱՄՆ-ի ֆինասների նախարարությունը հայտարարել Է Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների ցուցակի ընդլայնման մասին՝ դրանում ներառելով Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբին, ինչպես նաեւ երկրի ինը քաղաքացիների, որոնց թվում Է Իսլամական Հանրապետության հոգեւոր առաջնորդի որդին՝ Մոջթաբա Խամենեին, եւ իրանական իշխանությունների բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ:
Ցուցակում են, մասնավորապես, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Հոսեյն Բաղերին, ինչպես նաեւ մի ամբողջ շարք գեներալներ, հոգեւորականներ եւ պաշտոնյաներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: