armenpress.am: Վտանգավոր դավադրությունը, որն Իրանում կազմակերպվել Էր բենզինի գնի բարձրացման ֆոնին, հաջողությամբ չեզոքացվեց իր իսկ ժողովրդի կողմից: Այս հայտարարությունը նոյեմբերի 27-ին արել Է Իսլամական Հանրապետության ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին:
«Ընդգրկուն ու շատ վտանգավոր դավադրությունը, որի կազմակերպիչները կարծում Էին, թե բենզինի հետ կապված խնդիրը շանս Է ընձեռել իրենց, չեզոքացվեց Իրանի ժողովրդի ուժերով»,-նրա խոսքը մեջբերել Է ԻՌՆԱ գործակալությունը: Հոգեւոր առաջնորդի խոսքով՝ «չարագործները գումարներ Էին ծախսում եւ ջանքեր գործադրում, որպեսզի ինչ-որ պահի գործի անցնեն»:
Նա հավելել Է, որ «ոստիկանությունը, Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմը եւ «բասիջը» (կիսառազմական աշխարհազոր) միջամտեցին ու կատարեցին իրենց ծանր աշխատանքը»: «Սակայն ժողովրդի դերն այդ շաբաթվա իրադարձություններում Էլ ավելի կարեւոր Էր»,-նշել Է Խամենեին:
Նոյեմբերի 15-ին Իրանում ուժի մեջ Է մտել բենզինի գինը 1 լիտրի դիմաց մինչեւ 30 հազար ռիալ (մոտավորապես 0,2 դոլար) բարձրացնելու վերաբերյալ կառավարական կարգադրությունը, ինչը փաստորեն նշանակում Է վառելիքի արժեքի եռակի աճ: Այդ որոշումից հետո Իրանի մի շարք քաղաքներում տեղի ունեցան բողոքի ակցիաներ, որոնք վերաճեցին ոստիկանության հետ բախումների:
Ցուցարարները հրկիզում Էին բանկերի գրասենյակներն ու ավտոլցակայանները: Անկարգություններ գրանցվեցին հարյուրավոր բնակավայրերում: Զոհվածների վերաբերյալ պաշտոնական տվյալներ առայժմ չեն ներկայացվել, օտարերկրյա ԶԼՄ-ներ գրում են մի քանի տասնյակից մինչեւ մի քանի հարյուր մարդու զոհվելու մասին: