Դատարանը ՊԵԿ-ին պարտավորեցրեց դատարան ներկայացնել Կառավարության գաղտնի որոշումըվ |hetq.am|

hetq.am։ Եթե Պետական եկամուտների կոմիտեն շարունակի պնդել, որ ՀԴՄ սարքերի գնման գործընթացը և պայմանագրերի կնքումը եղել է Կառավարության գաղտնի որոշմամբ, ապա պետք է դատարան ներկայացնի Կառավարության այդ որոշումը՝ հիմնավորելով իր այդ պատճառաբանումը: Այսօրվա դատական նիստին հայտարարեց Վարչական դատարանի դատավոր Գրիգոր Առաքելյանը:

Դատավորն առաջարկեց փակել Կառավարության այդ որոշման գաղտնի համարվող տեղեկատվությունը, բաց թողնել միայն այն հատվածը, որում նշված է, որ ՀԴՄ սարքերի ձեռքբերման և մրցույթի անցկացման գործընթացը պետք է կազմակերպվի գաղտնի ընթացակարգով, և դրա մասին տեղեկությունները ենթակա չեն հրապարկման:

Այսօր Վարչական դատարանում կայացավ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն՝ ըննդեմ Պետական եկամուտների կոմիտեի գործով երկրորդ նիստը: Դատավորի որոշմամբ՝ գործը մտավ դատաքննության փուլ: Նշենք, որ այս գործով երրորդ կողմ է հանդիսանում Կառավարությունը:

Նիստին դատավորն անդրադարձավ նաև Պետական եկամուտների կոմիտեի ներկայացրած առարկություններին:

Հայտնեց, որ նախորդ դատական նիստին ՊԵԿ ներկայացուցիչ Գոհար Եղիազարյանի ներկայացրած դիրքորոշումում և երեկ կոմիտեից ստացված առարկություններում կան հակասություններ: Պարզաբանեց, որ նախորդ նիստին Եղիազարյանը չէր բացառել վեճի արտադատական կարգով լուծման հնարավորությունը՝ նկատի ունենալով նաև ՊԵԿ-ի այն հայտարարությունը, որ Կառավարության այդ որոշումների գաղտազերծման գործընթաց է սկսվել:

Նշենք, որ երեկ ՊԵԿ-ը «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի հայցադիմումի վերաբերյալ առարկություն է ներկայացրել Վարչական դատարան՝ խնդրելով մերժել ՀԴՄ սարքերի ձեռքբերման պայմանագրերին վերաբերող տեղեկատվություն ստանալու հայցադիմումը:

Դատավորը ՊԵԿ-ի ներկայացուցիչ Գոհար Եղիազարյանից հետաքրքվեց՝ արդյոք կա հստակ դիրքորոշում՝ Պետական եկամուտների կոմիտեն տրամադրված է տեղեկատվությունը տրամադրել, հրապարակային դարձնել, թե առարկում է «Հետք»-ի հայցի դեմ՝ պնդելով, որ հայցվող տեղեկատվությունը համարվում է պետական և ծառայողական գաղտնիք:

Գոհար Եղիազարյանը դատավորին պարզաբանեց, որ դիրքորոշումների հակասություններ չկան, քանի որ այդ տեղեկատվության տրամադրումը կարող է իրականացվել միայն դրա գաղտնազերծումից հետո: Դատավորը հետաքրքվեց, թե երբ են այդ որոշումները գաղտազերծելու, Եղիազարյանը պարզաբանեց՝ գործընթացը սկսվել է, կարող է տևել 15 օր կամ մեկ ամիս՝ ամեն ինչ կախված է գաղտնազերծման համար պահանջվող ժամանակից:

Հիշեցնենք, որ ՊԵԿ-ը հրաժարվել էր «Հետք»-ին տրամադրել ՀԴՄ-ների ձեռքբերման պայմանագրերը՝ հղում կատարելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքին։ Պատճառաբանել էր, որ դրանք համարվում են այնպիսի տեղեկություններ, որոնց հրապարակումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել Հայաստանի անվտանգության համար:

Շարունակությունը՝ hetq.am

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով