hetq.am: Ֆինլանդիան կարտաքսի 9 դիվանագետի, որոնք աշխատում են Հելսինկիում Ռուսաստանի դեսպանությունում։ Ֆիննական իշխանությունները նրանց մեղադրում են ռուսական հետախուզության հետ կապ ունենալու մեջ։
«Նրանց գործողությունները հակասում են Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային»,- ասված է Ֆինլանդիայի նախագահի գրասենյակի հայտարարության մեջ։ Բացի այդ, նշվում է, որ ռուսական դեսպանը կտեղեկացվի արտաքսման մասին։
Որոշումը կայացվել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստյոյի և արտաքին ու անվտանգության քաղաքականության նախարարական կոմիտեի հանդիպման ժամանակ:
Հիշեցնենք, որ ապրիլին Շվեդիան արտաքսել էր ռուսաստանցի 5 դիվանագետի, որոնք «իրականացնում էին գործունեություն, ինչն անհամատեղելի էր նրանց դիվանագիտական կարգավիճակի հետ»։ Բացի այդ, սեպտեմբերից Շվեդիան փակում է Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը Գյոթեբորգում։
Ի պատասխան, մայիսի վերջին Ռուսաստանը հայտարարեց, որ արտաքսում է շվեդ 5 դիվանագետի և հետ կանչում համաձայնությունը Սանկտ Պետերբուրգում Շվեդիայի գլխավոր հյուպատոսության գործունեության վերաբերյալ։