Քրիստիննե Գրիգորյանը կարևորել է Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Ադրբեջանի հանցագործություններին հստակ գնահատական տալը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն ընդունել է Անն-Լորանս Պետելի գլխավորությամբ՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների պատվիրակությանը։ Գրիգորյանը ներկայացրել է Պաշտպանի հաստատության մանդատն ու գործունեության երաշխիքները։ 

Պաշտպանի խոսքով՝ հաստատությունը ՄԱԿ-ի կողմից հավատարմագրված է որպես անկախ հաստատություն և ունի հանրային վստահության բարձր մակարդակ։
 
Գրիգորյանը ֆրանսիացի պատգամավորներին է ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի (սեպտեմբերի 13-15) արդյունքում ստեղծված իրավիճակը, հետևանքները, զրուցակիցներին է ներկայացրել արձանագրված փաստերի հիման վրա ՄԻՊ-ի արտահերթ զեկույցները:
 
Խոսել է վերադարձած հայ ռազմագերիների, Ադրբեջանի հայատյաց քաղաքականության, ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ կին զինծառայողներին թիրախավորելու, խոշտանգելու և այլ անմարդկային վերաբերմունքի դեպքերից, Ադրբեջանում համատարած արմենոֆոբիայի մասին. «Մենք գնում ենք յուրաքանչյուր փաստի հետևից, դրանք ներկայացվում ենք միջազգային իրավասու կազմակերպություններին և դիվանագիտական ներկայացուցիչներին»,- նշել է Քրիստիննե Գրիգորյանը։
Պաշտպանը նաև կարևորել է քաղաքական մարմինների կողմից, ինչպիսին Ֆրանսիայի խորհրդարանն է կամ Եվրոպական պառլամենտը, նման հանցագործություններին հստակ քաղաքական գնահատական տալը։
 
Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Սոնա Ղազարյանը, ով իր խոսքում կարևորել է տարբեր հարթակներում հայ-ֆրանսիական համագործակցությունը։
 
Պատվիրակության անդամները տեղեկացրել են, որ Պաշտպանի կողմից ներկայացված հարցերի վերաբերյալ Ֆրանսիական խորհրդարանի կողմից բանաձև է պատրաստվում առաջիկայում ընդունման համար։
 
Հանդիպման ավարտին Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի ԱԺ պատվիրակության անդամներին, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին, ապա փոխանցել Պաշտպանի հրապարակած արտահերթ զեկույցները։
 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով