factor.am: 2022 թվականի մայիսի 15-ին նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանի` («ՍԱՍ»-ի Արտակ)՝ արտերկրում գրանցված ընկերությունները չհայտարարագրելու դեպքով Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական գործ է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ այն է՝ հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով (1 մլն դրամը գերազանցող) գույքի կամ եկամտի չհայտարարագրմանը, պատժվում է 2-4 տարի ազատազրկմամբ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից առավելագույնը 3 տարով զրկելով կամ առանց դրա:
Այս մասին ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Քրգործ հարուցելու առիթը եղել է ապրիլի 29-ին «Հետք»-ում հրապարակված ««ՍԱՍ»-ի Արտակը՝ «Պանդորայի փաստաթղթերում». նախկին պատգամավորը չի հայտարարագրել արտերկրում գրանցված ընկերությունները» վերնագրով հետաքննությունը։