Երեկ՝ մարտի 26-ին, ավագանու արտահերթ ընտրություններ անցկացվեցին Շիրակի մարզի Անի ու Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում։
ԿԸՀ-ն նախնական տվյալներ է հրապարակել երկու համայնքներում տեղի ունեցած ընտրությունների արդյունքների վերաբերյալ։
Շիրակի մարզի Անի համայնքում ընտրողների ընդհանուր թիվը 15 934 է, մասնակցել է 9869-ը կամ 61.93%-ը։ ԿԸՀ նախնական տվյալներով ՔՊ-ն առաջատարն է։
- «Ազգ-համայնք» դաշինք (կազմում` «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը և Ռեֆորմիստների կուսակցությունը՝ Արտակ Գևորգյան) – 3134 ձայն կամ 31.75%
- «Իմ հզոր համայնք» (Արմենակ Նաջարյան) կուսակցություն – 744 ձայն կամ 7․53%
- «Հայկական երազանք» (Ագուն Սաղաթելյան) – 795 ձայն կամ 8․05%
- «Քաղաքացիական պայմանագիր» (Արման Սարիբեկյան) – 5180 ձայն կամ 52․48%։
Անվավեր է համարվել մեկ քվեաթերթիկ։
Սյունիքի մարզի Սիսիան համայնքում ընտրողների ընդհանուր թիվը համայնքում 22 890 է, մասնակցել է 11 355-ը կամ 49․6%-ը։
ԿԸՀ ներկայացրած նախնական տվյալներով առաջատարը դարձյալ ՔՊ-ն է։
- Հայաստանի հանրապետական կուսակցություն – 2 553 ձայն կամ 22․48%
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 7 325 ձայն կամ 64.5%
- «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն – 1 443 ձայն կամ 12.7%:
Անվավեր քվեաթերթիկների թիվը 34 է։
Նշենք, որ ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Արմեն Հակոբջանյանը, Հանրապետականինը՝ Ջիվան Մարգարյանը, Ավագ Ասատրյանն էլ «Քաղաքացու որոշման» թեկնածուն է:
Այսպիսով՝ երկու համայնքներում առաջատար է իշխող ՔՊ կուսակցությունը։ Ընտրություններին անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ, կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը՝ իր ֆեյսբուքյան էջում գրելով․ «Սիսիան և Անի խոշորացված համայնքների ընտրողների վստահությունը պարտավորեցնող է և սիրելի։ Ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը ևԿա՜ Ապագա»։
Հիշեցնենք, որ ՔՈ նախընտրական շտաբը երեկ հաղորդագրություն էր տարածել, որ օպերատիվ ռեժիմով տեղեկություն է ստանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անունից ընտրողներին բաժանվող ընտրակաշառքի մասին։ Այս հաղորդագրությունը տարածել են մի շարք ԶԼՄ-ներ՝ «ՔՊ-ն ընտրակաշառք է բաժանում» վերնագրով, ինչին արձագանքել է ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ու հերքել դրանք՝ ընգծելով, որ դիմելու են դատարան։
Գլխավոր դատախազությունից էլ հայտնել են, որ Անի համայնքի ընտրությունների ընթացքում ստացվել է երեք հաղորդում ենթադրյալ խախտումների վերաբերյալ: Երեք դեպքում էլ նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ Քր. օրենսգրքի 210-րդ հոդվածի առաջին մասով (անձի ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի ազատ իրականացումը): Սիսիանի ընտրությունների ընթացքում առերևույթ հանցագործությունների մասին զանգեր, հաղորդումներ չեն ստացվել: ԶԼՄ մշտադիտարկման արդյունքում ուսումնասիրվել է վեց հրապարակում, որոնց վերաբերյալ իրականացվել են ստուգողական գործողություններ: Արդյունքների վերաբերյալ տեղեկությունը կներկայացվի առաջիկայում։
Արձանագրած ընտրախախտումների վերաբերյալ նախնական տվյալներ է հրապարակել նաև «Անկախ դիտորդը»։