Քոչարյանը վստահեցնում է՝ քաղաքականությունից դեռ դուրս չի գա, դժգոհում է անարդարությունից |azatutyun.am|

azatutyun.am:  Նորից դատարան կանչված ՀՀ երկրորդ նախագահն այսօր այդպես էլ չպատասխանեց լրագրողների հարցին՝ արդյոք իրեն պատասխանատու համարում է Երևանի կենտրոնում 10 մարդկանց սպանության համար։

Ռոբերտ Քոչարյանը քաղաքականությունից դուրս չի գա: երկրորդ նախագահն ինքն այդ մասին այսօր ասաց՝ իր դեմ նոր դատաքննության մեկնարկին։ Միաժամանակ վստահեցրեց, թե չի հավակնում վարչապետի պաշտոնին:

«Ոչ, ոչ, դա ի՛մ իրավունքն է, ես չեմ զբաղվել քաղաքականությամբ, բայց երկիրը այնպիսի վտանգների տակ է հայտնվել և այնպիսի արհավիրքների տակ է հայտնվել, և ինքս, նաև ինձնով են սկսել զբաղվել որպես քաղաքականությամբ, այդ ամբողջական պատկերը, այո, ինձ ստիպել է վերադառնալ քաղաքականության մեջ: Եվ մինչև այդ սպառնալիքները չվերանան, իմ իրավունքն է և իմ թիմի իրավունքն է զբաղվել քաղաքականությամբ», – հայտարարեց Քոչարյանը:

Վարչապետի հրաժարականը պահանջող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի շարժմանն իր առաջնորդած «Հայաստան» դաշինքով սատարող երկրորդ նախագահն անդրադարձավ վերջերս Շիրակի թեմի առաջնորդի դիտարկմանը, թե շարժումը չի հաջողում, քանի որ երկրորդ և երրորդ նախագահների ուրվականները քայքայել են այն։

«Իսկական առաջնորդին, բնածին առաջնորդին ոչ մեկի ստվերը չի կարող խանգարել: Մեծ մարդը միշտ ունի մեծ ստվեր, փոքր մարդը ունի փոքր ստվեր: Կոնկրետ Բագրատ սրբազանին ոչ մեկի ստվերը չի խանգարի», – ասաց նախկին նախագահը:

Ռոբերտ Քոչարյանը Հակակոռուպցիոն դատարան էր եկել Մարտի 1-ի գործով։ Երկրորդ նախագահը դեռ 2021-ին առաջին ատյանի դատարանի կողմից արդարացվեց, բայց վերջերս վճռաբեկ ատյանը բեկանեց այդ վճիռն ու գործն ուղարկեց նոր քննության։

Քոչարյանն այսօր այդպես էլ չպատասխանեց լրագրողների համառ հարցին՝ արդյոք իրեն պատասխանատու համարում է իր նախագահության օրոք մայրաքաղաքի կենտրոնում 10 մարդկանց սպանության համար։

Ավելին՝ երկրորդ նախագահը, որ դեռ 2018-ից պնդում է, թե անմեղ է, այսօր դատական նիստից հետո անարդարությունից դժգոհեց. – «Ավելի քան մեկուկես տարի կալանավորված եմ եղել ապօրինաբար, չեղած հոդվածով, և մինչ այսօր ինձնից ներողություն չի խնդրել ո՛չ Դատախազությունը, ո՛չ ընդհանրապես որևէ պետական մարմին: Ավելին՝ շարունակում են աճպարարությամբ, ինչ-որ, այս գործը հետ բերել դատարան՝ ինչ-ինչ նպատակներով: Այն, ինչ կատարվում է ընդհանրապես, իրավական խուլիգանություն է»:

Ռոբերտ Քոչարյանն իր նախագահության վերջին՝ արյունալի օրերի մասին հարցերին ըստ էության պատասխաններ չտվեց: 16 տարի առաջվա դեպքերի չբացահայտման մասին էլ ասաց. – «Ո՞վ է իրենց ձեռքից բռնել, խանգարել, թող ամբողջությամբ քննեն»:

Երկրորդ նախագահը մեղադրյալի կարգավիճակ ստացավ 2018 թվականին, 2021-ին առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանն արդարացրեց Քոչարյանին ու նրա երեք բարձրաստիճան ենթականերին՝ ոչ թե ապացուցելով նրանց անմեղությունը, այլ հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի որոշումը: Բարձր դատարանը հակասահմանադրական էր ճանաչել նրանց վերագրվող՝ սահմանադրական կարգը տապալելու մասին հոդվածը։

Դրանից հետո Գլխավոր դատախազությունը բողոքարկեց վճիռը։ Ի վերջո Վճռաբեկը բեկանեց արդարացման որոշումն ու գործը հետ ուղարկեց Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով