Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Լուսինե Սեփխանյանի, այսօր որոշել է 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին:
Այս մասին հայտնում է Փարամազյանի պաշտպաններից Երվանդ Վարոսյանը:
Հիշեցնենք, որ Փարամազյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարդախության օժանդակելը կամ կազմակերպելը), 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) եւ 154.2-րդ հոդվածի (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը), նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
Փարամազյանը գրավի դիմաց ազատ էր արձակվել 2021 թվականի դեկտեմբերի 17-ին` Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի որոշմամբ, սակայն 2022 թվականի փետրվարի 7-ին կրկին կալանավորվել է։