Փրկարար ծառայողի աշխատավարձը կրկնակի ավելացնելու հնարավորություն կա. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ատեստավորման ներդրման նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության օրենսդրական նախաձեռնությունը, որով փրկարար ծառայությունում ներդրվում է ատեստավորման նոր համակարգ, ատեստավորում անցած փրկարարները կստանան հավելավճար:

«Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ընդունվեց՝ ստանալով 59 կողմ, 30 ձեռնպահ ձայներ:

Փրկարար ծառայության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբի ծառայողների դեպքում կգործի այս ատեստացիան: Բացառություն նախատեսվել է միայն Փրկարար ծառայության տնօրենի, տնօրենի տեղակալների և ուսումնական հաստատությունում փրկարար ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց համար: Ատեստացիա անցած ծառայողները կստանան հավելավճար, կգործի հավելավճարի՝ գրեթե կրկնակիի չափով հաշվարկման մեխանիզմը: Ըստ Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանի՝ սկզբունքն այն է, որ ատեստավորման շրջանակում պետք է կարողանան շուրջ կրկնակիի չափով ավելացնել փրկարար ծառայողների աշխատավարձը:

Ինչպես ոստիկանության ծառայողների դեպքում, այնպես էլ Փրկարար ծառայողների դեպքում ատեստավորման համար կտրվի 3 տարվա ժամկետ: 3 տարվա ընթացքում կտրվի մեկ անգամ վերապատրաստման հնարավորություն:

Փաթեթն ընդունվելու դեպքում այն ուժի մեջ կմտնի մայիսից: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով