Ներքին գործերի նախարարության Ոստիկանության կենտրոնական բաժնում փաստաբանի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու դեպքի առնչությամբ Պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ, տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։
«Տարածված տեղեկությունների համաձայն՝ ՆԳՆ Ոստիկանության Կենտրոնական բաժնում բռնություն է գործադրվել փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ։
Դեպքի կապակցությամբ՝ Պաշտպանի սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ։ Համապատասխան գրություններ կհասցեագրվեն ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ներքին գործերի նախարարություն՝ նշված դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով:
Հարկ է ընդգծել, որ փաստաբանի պաշտպանված մասնագիտական գործունեությունը երկրում մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի կարևորագույն նախապայմաններից է, արդարադատության համակարգում և իրավունքի գերակայության ապահովման գործում այն ունի առանցքային կարևորություն»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Սիլվի Տիգրանյանը հայտնել էր, որ Ոստիկանության կենտրոնական բաժնում պարեկները և ոստիկանները ծեծի են ենթարկել փաստաբանի: Դեպքի առնչությամբ այսօր՝ ժամը 11:00-ին, տեղի է ունենալու մամուլի ասուլիս: