Հաշվի առնելով սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում Տիգրան Առաքելյանի կողմից արդեն իսկ տարածված ուղիղ եթերի շուրջ հանրային լայն հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ դեռևս հունիսի 19-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ահազանգ է ստացվել Տիգրան Առաքելյանի կողմից։
Ինչպես տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից՝ վերջինս նշել է, որ գտնվում է ձերբակալվածների պահման վայրում և քննչական մարմնում իր նկատմամբ բռնություն է կիրառվել։ Զանգը ստանալուց անմիջապես հետո Պաշտպանի ներկայացուցիչները այց են իրականացրել ՁՊՎ, հանդիպել են Տիգրան Առաքելյանի հետ։ Առանձնազրույցի ընթացքում նրա կողմից բարձրացված բոլոր հարցերը արձանագրվել են և նույն օրն առանձին գրությամբ ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ քրեական վարույթի շրջանակում քննության առարկա դարձնելու նպատակով:
«Պաշտպանի աշխատակազմում տեղեկություն է ստացվել առ այն, որ Տիգրան Առաքելյանին քննչական մարմնում խոշտանգելու առերևույթ դեպքի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի գրության հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախաձեռնված քրեական վարույթի ընթացքը գտնվում է Պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, Տիգրան Առաքելյանը տեսանյութ էր տարածել, պատմելով, որ իրեն ՔԿ-ում խոշտանգել են, այդ թվում ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը:
ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը NEWS.am-ին հայտնել էր, որ Տիգրան Առաքելյանը մեղադրվում է շորթման մեջ, իսկ իրեն բռնության ենթարկելու մասին հայտարարություններն անհիմն են:
Տիգրան Առաքելյանը ավելի ուշ կրիկն հայտարարություն տարածեց՝ նշելով, որ իրեն գործարք են առաջարկել. «Ի շարունակություն նախորդ տեսանյութի, իրավիճակում մի փոքր փոփոխություն կա. ծիտիկներն ինձ խաբար ուղարկեցին, որ Արգիշտի Քյարամյանը զղջացել է, որ քեզ խոշտանգել է, Ազատ Գևորգյանը զղջացել է, որ քեզ խոշտանգել է, իրենք ամեն ինչ կանեն, որ իմ հանդեպ որևէ քրեական հետապնդում, ինչը որ հարուցված է, կարճվի, միայն խնդրում են ինձ… Գործարք… Շարունակություն չտալ, ինֆորմացիոն տեղեկատվական լրահոսերում այլևս որևէ բան չասել այս թեմայով։ Նրանք զղջացել են։ Ծիտիկի ուղարկած խաբարն այդպիսին էր. նրանք զղջացել են և՝ «Տիգրան խնդրում եմ քեզ, արի այսքանով սահմանափակվենք»։