Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ երեկոյան Արևմուտքին դիմել է հրատապ կարգով զենք և զինամթերք տրամադրելու կոչով:
Իր գիշերային տեսաուղերձում Զելենսկին հայրենակիցներին հաղորդել է Դոնբասում ընթացող «ծանրագույն մարտերի» մասին:
«Այս մարտերում է որոշվում, թե ինչ կլինի հետո: Մեզ աջակցություն է պետք զավթիչների ծրագրերը խափանելու համար: Հիմա այն պահն է, երբ ուկրաինացիները պարտավոր են միասնական լինել մի կռվում, որն ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է», – ասել է Զելենսկին:
Նրա խոսքով, ռուսները փորձում են ավերել Դոնբասի ամեն մի քաղաք, սակայն ուկրաինացիները շարունակում են դիմադրությունը:
«Սևերոդոնեցկ, Լիսիչանսկ, Սլովյանսկ, Վոլնովախա, Մարիուպոլ, շատ ուրիշներ, ժամանակին դրանք երջանիկ, կյանքով լի քաղաքներ էին, իսկ հիմա՝ ավերակներ: Դա է միակ բանը, որ Ռուսաստանը կարող է տալ հարևաններին և աշխարհին»,- ասել է նախագահը: