Վարչապետ Փաշինյանը Լեհաստանի նախագահի հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

Քննարկվել են Հայաստան-Լեհաստան համագործակցությանն ու դրա հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնման, մեր երկրում ԵՄ աջակցությամբ իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցերի շուրջ:

Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին, երկու երկրների միջև սահմանազատման գործընթացին: Վարչապետը նշել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները ստորագրել են համատեղ գործունեության մասին կանոնակարգը, որում արձանագրված է, որ կողմերը սահմանազատման գործընթացում առաջնորդվելու են Ալմա-Աթայի հռչակագրով։

Միաժամանակ, վարչապետը գործընկերոջն է փոխանցել, որ Հայաստանում և Ադրբեջանում այս պահին ընթանում են կանոնակարգի ներքին համաձայնեցման ներպետական ընթացակարգերը:

Լեհաստանի նախագահը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացն ու տարածաշրջանում կայունության ապահովումը` հույս հայտնելով, որ տեղի ունեցող քննարկումները կտան դրական արդյունք:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով