«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը ֆեյսուբքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ անազատության մեջ գտնվող Վարուժան Ավետիսյանի կյանքին վտանգ է սպառնում.
«Վարուժան Պարսամի Ավետիսյանի կյանքին վտանգ է սպառնում. ունենալով առողջական լուրջ խնդիրներ, գտնվում է անազատության մեջ։
Միջնորդում եմ, որպեսզի Վարուժանին տեղափոխեն քաղաքացիական հոսպիտալ, որտեղ և պատշաճ հետազոտություն կանցնի։
ԱԺԲ-ն եթե ունի երաշխավորողների դիմում, ապա պատրաստ եմ ստորագրել։ Առողջություն Վարուժանին»,- նշված է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին լրատվամիջոցներով տարածվել էր տեղեկություն այն մասին, որ Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակը վերջին օրերին վատացել է:
Արդարադատության նախարարությունից հայտնել են, որ նոյեմբերի 12-ին և 13-ին Ավետիսյանը ենթարկվել է բուժզննության. ազատազրկված անձի առողջական վիճակը գնահատվել է լավ, գանգատներ չի ներկայացրել։ Իսկ ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են Ավետիսյանին։ Վերջինս նրանց ասել է, որ իր մոտ առկա հիվանդությունը Հայաստանում ախտորոշել հնարավոր չի եղել: Իր հետազոտությունների արդյունքները նորմայի սահմաններում են, սակայն ինքն իրեն վատ է զգում։
Վարուժան Ավետիսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը հայտնել էր, որ տեսակցել է Ավետիսյանին։ Նա պնդել էր, որ քաղաքացիական հիվանդանոցում բժիշկների հսկողության տակ գտնվելը չափազանց կարևոր է։