Աշտարակի ոստիկանները բացահայտել են խարդախության դեպք. երկու տղամարդ ոստիկանության ծառայողի անվան տակ, վարորդական իրավունքի վկայական տրամադրելու պատրվակով խաբեությամբ գումարներ են հափշտակել։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
«Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ երկու տղամարդ, որոնցից մեկը` Ագարակ գյուղի, մյուսը` մայրաքաղաքի բնակիչ, ոստիկանության ծառայողի անվան տակ, վարորդական իրավունքի վկայական տրամադրելու պատրվակով խաբեությամբ գումարներ են հափշտակում:
Տեղեկությունը ճշտելուց հետո Աշտարակի ոստիկաններն անցան կոնկրետ միջոցառումների: Ապրիլի 13-ի առավոտյան երկուսն էլ հայտնաբերվեցին և բերման ենթարկվեցին ոստիկանության Աշտարակի բաժին: Նրանք խոստովանեցին, որ այս տարվա մարտին, նախնական համաձայնության գալով, մի քանի անձից պահանջել և ստացել են տարբեր չափի գումարներ՝ իբր առանց քննության և ընթացակարգի վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելու համար։
Ոստիկանության Աշտարակի բաժնում փաստի առթիվ նախապատրաստված նյութերն ուղարկվել են հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ հարուցվել է քրեական գործ: Մայիսի 2-ին տղամարդկանց առաջադրվել է մեղադրանք։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- նշված է հայտարարության մեջ։
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: