armenpress.am: Դատաբժշկական եզրակացության համաձայն՝ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի մարմնական վնասվածքները պատճառվել են բութ, կոշտ առարկայով:
Այս մասին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդության ներկայացմանը:
Ըստ դատախազության միջնորդագրի՝ քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Մհեր Սահակյանը փակ աշխատանքային քննարկման ժամանակ խուլիգանական դրդումներով, ցուցադրաբար հակադրվել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին, դրսևորել է ագրեսիվ վարքագիծ: Վարդապետյանի ներկայացմամբ՝ նա ձեռքով հարվածել է սեղանին, ոտքի կանգնել, բղավելով դիտողություն արել Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին, ապա աջ ձեռքով դիտավորությամբ հարվածել նրա դեմքի ձախ քունքային շրջանին: Հարվածի հետևանքով Հանձնաժողովի նախագահի առողջությանը պատճառվել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով՝ ձախ վերհոնքային շրջանի պատռված վերքի, ձախ վերհոնքային, քթի մեջքի քերծվածքների, ձախ վերին և ստորին կոպերի արյունազեղումների ձևով:
Վարդապետյանի խոսքով՝ Մհեր Սահակյանը ներկաների նկատմամբ անհարգալից, իսկ իրավական նորմերի նկատմամբ արհամարհական վերաբերմունք է դրսևորել:
«Դատաբժշկական եզրակացության համաձայն՝ Վլադիմիր Վարդանյանի մարմնական վնասվածքները, ըստ ներկայացված բժշկական փաստաթղթերի և օբյեկտիվ ուսումնասիրության տվյալների պատճառվել են բութ, կոշտ առարկայով»,-ասաց Վարդապետյանը:
Հարցաքննվել է դատաբժշկական փորձագետը, և ցուցմունք տվել այն մասին, որ Վլադիմիր Վարդանյանի ձախ հոնքային շրջանի մարմնական վնասվածքները չէին կարող առաջանալ Մհեր Սահակյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերված և դատաբժշկական փորձաքննությանը ներկայացված կոտրված մկրատի եզրային սուր մասի ուղղակի ազդեցությամբ, քանի որ այդ պայմաններում վնասվածքը կլիներ ոչ թե պատռված վերքի, այլ ծակած վերքի ձևով: