factor.am: Իրանի Սպահան նահանգի քաղաքականության, անվտանգության և հասարակության գծով փոխնահանգապետ Մոհամմադ Ռեզա Ջանեսարին հերքել է Սպահանում Իսլամական Հանրապետության Պաշտպանության նախարարության օբյեկտի վրա անօդաչու թռչող սարքով հարձակման մասին տեղեկությունը, որը, ենթադրաբար, տեղի է ունեցել չորեքշաբթի գիշերը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Մի շարք սոցցանցերի հրապարակած հաղորդագրությունները [անցած գիշեր Սպահանում պաշտպանության նախարարության օբյեկտի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման մասին] հավաստի չեն»,- Ջանեսարիի խոսքերն է մեջբերում գործակալությունը։
Իրանական Tasnim լրատվականը գրել է, որ Սպահան նահանգում պաշտպանության նախարարության օբյեկտի վրա հարձակման անհաջող փորձ է եղել: Ըստ կայքի՝ անօդաչու թռչող սարքը, որը փորձել է հարվածել օբյեկտին, խոցվել է հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։