Սամվել Բաբայանը տեղեկություններ ունի արցախցիների ցուցակագրմամբ զբաղվող խմբակների բիզնես-գործունեության վերաբերյալ. հայտարարություն

Վերջին շրջանում մամուլում և սոցիալական մեդիայում շրջանառվում են Սամվել Բաբայանի կողմից իբր թե արցախցիներին հավաքագրելու և նրանց Արցախ վերադարձնելու վերաբերյալ տեղեկություններ։

Այս մասին հայտարարություն է տարածել Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունը:

«Հաշվի առնելով խնդրի զգայունությունն ու հասարակական-քաղաքական շրջանակների կողմից այն կապիտալիզացնելու մեծ գայթակղությունը՝ հայտարարում ենք, որ Սամվել Բաբայանն անհատապես կամ համագործակցաբար չի զբաղվում նմանաբնույթ աշխատանքներով։

Փոխարենը նա Արցախի Հանրապետության ներկայացուցչական մարմնի և կառավարության քննարկմանն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և հայ բնակչության վերադարձի շուրջ համապարփակ մոտեցումներ։ Այդ մոտեցումներով առաջարկվել է ձևավորել համապատասխան աշխատանքային խումբ, վերջինիս օժտել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և հայ բնակչության վերադարձի շուրջ ադրբեջանական կողմի հետ ուղիղ բանակցություններ վարելու իրավասությամբ։

Բացի այս, Սամվել Բաբայանն իր հանրային խոսքում մշտապես շեշտում է, որ բնակչության վերադարձի հնարավորության քննարկումն, առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման, արկածախնդրություն է։

Սամվել Բաբայանը ևս տեղեկություններ ունի արցախցիների ցուցակագրմամբ զբաղվող խմբակների բիզնես-գործունեության վերաբերյալ։ Այս կապակցությամբ կոչ է անում իրավապահ մարմիններին համապատասխան աշխատանքներ տանել այդ ուղղությամբ, իսկ արցախցի հայրենակիցներին հորդորում է չհավատալ ինքնակոչ փրկիչների ստահոդ խոստումներին և չնպաստել նրանց բիզնես-գործունեությանը»,- նշված է հայտարարության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով