Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը անդրադարձավ երեկ սահմանին տեղի ունեցած միջադեպի պատճառներին և ասաց․
«Ապրիլի 1-ի պայմանավորվածությունները չկատարելու եւ մարտի 29-ից Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանային այդ հատվածում Ադրբեջանի ԶՈԻ տեղակայման արդյունքում, գիտեք, որ որոշակի անճշտություններ կամ տեղակայման ճշգրտումներ են իրականացվում ՀՀ ու Ադրբեջանի սահամանպահ ուժերի միջեւ, եւ ՀՀ ԶՈՒ-ն ժամանակավորապես տեղակայվել է նաեւ այս տեղամասում մինչեւ վերջնական ճշտումը։ Այդ ընթացքում՝ վերջին 7-10 օրերին, օրվա մեջ նույնիսկ տասնյակ դեպքեր են եղել, երբ ինժեներական աշխատանքի բերումով թե հակառակ, թե յուրային կողմերը միմյանց հետ բանակցել են, ճշտել են, նմանատիպ մի ճշգրտման բերումով էլ տեղի է ունեցել հայտնի միջադեպը, որը բերել է հրմշտոցի, բախման, ապա նաեւ ցավոք, անցանկալի հետեւանքների»,- ասաց Սուրեն Պապիկյանը։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ համաձայն պայմանավորվածության՝ ապրիլի 1-իից Կոռնիձորի կամրջից հետո ճանապարհը (Լաչինի միջանցքը ՀՀ-ին կապող նոր ճանապարհը՝ խմբ․) շարունակվելու է միայն Հայաստանի տարածքով, և որ ՀՀ սահմանապահ զորքերը զբաղվելու են այդ հատվածում ՀՀ պետական սահմանի պահպանությամբ։
Նշենք, որ մինչ այդ գործում էր ժամանակավոր երթուղի, որը մուտք էր գործում ՀՀ տարածք Կոռնիձորի կամրջով, ապա նորից Ադրբեջանի տարածք, ապա նորից ՀՀ տարածք։
Ավելի ուշ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ եղել են քարտեզների տարընթերցումներ, 5 կետում ադրբեջանական կողմը սահմանից 100-300 մետր առաջ է տեղակայվել։
Հիշեցնենք նաև, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ։ Նույն օրը ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ:
ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։ Զոհված զինծառայողներն են՝ Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.), Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.), Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.), Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.)։
Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ զոհեր և վիրավորներ: Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել է ադրբեջանական կողմից 3 զոհի մասին։