Նիկոլ Փաշինյանը այսօր՝ Կառավարության նիստի ընթացքում հիշեցրեց՝ նախորդ տարի որոշում է ընդունվել ստեղծել մեխանիզմ, որ վիրտուալ հարթակում կոմերցիոն գործունեություն իրականացնող ընկերություններից հարկեր ստացվեն:
Պետական եկամուտների կոմիտեի նախագա Ռուստամ Բադասյանն էլ մանրամասներ հայտնեց։ Նա ասաց՝ հունվարից օրենքը ուժի մեջ է մտել, մարտ ամսի դրությամբ ապահովել են էլեկտրոնային ծրագիրը․
«Այսինքն՝ առաջին եռամսյակից սկսած սկսել ենք փորձարկել, և առաջին, երկրորդ, երրորդ եռամսյակներում գնալով ավելի շատ ընկերություններ են հարթակում գրանցվել»։
Նրա խոսքով՝ կան 42 ընկերություններ, որոնք գրանցվել են հարթակում․ «Երեք եռամսյակի արդյունքներով 1 միլիարդից ավելի ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ) է հայտարարագրվել, այս պահի դրությամբ վճարվել է 800 միլիոն դրամը: Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ տարին 1 միլիարդով կփակենք: Իհարկե, այս տարին կարող ենք համարել, որ սա փորձարկման տարի է: Մյուս տարի բոլորովին այլ արդյունք ենք ունենալու եկամուտների տեսքով»,- ասաց Բադասյանը: