tert.am: Ռուսաստանը պատրաստ է առավելագույն հնարավոր օգնություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար, ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Երևանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Ռուսական կողմն աշխատել է շատ ակտիվ, համառ, հետևողական և շարունակում է աշխատել այս ուղղությամբ։ Դա են վկայում մեր գործողությունները, չեմ էլ թվարկի, թե ինչ է այս առումով արվել ռուսական կողմի մասնակցությամբ, նախաձեռնությամբ։ Ուզում եմ ասել, որ Ռուսաստանը հաստատակամորեն հավատարիմ է մնում այս գործընթացին առավելագույն հնարավոր օգնություն ցուցաբերելուն, Հայաստանի և Ադրբեջանի միջև իսկապես կայուն, արդար խաղաղ կարգավորմանը հասնելուն», – ասել է Կոպիրկինը։
Նա նշել է, որ Մոսկվան շահագրգռված է տարածաշրջանում կայուն խաղաղությամբ։
«Մենք աջակցում ենք հարաբերությունների կարգավորման գործընթացին, և Ռուսաստանը միշտ շատ ակտիվորեն ընդգծել է իր պատրաստակամությունը աշխատելու այդ ուղղությամբ բոլոր առումներով՝ լինի դա խաղաղության պայմանագրի կնքում, լինի դա սահմանազատում, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանագծում, վստահության ամրապնդման միջոցառումների մշակում, ներառյալ քաղաքացիական հասարակության միջոցով շփումները, հաղորդակցությունների բացում», – հավելել է Կոպիրկինը:
Նա ընդգծել է, որ ստեղծվել են համապատասխան եռակողմ կառույցներ, որոնց ակտիվ մասնակցում է Ռուսաստանը։
«Կրկնում եմ՝ Ռուսաստանը հաստատակամորեն հավատարիմ է այս գործընթացին առավելագույն հնարավոր, անհրաժեշտ օգնություն ցուցաբերելուն։ Իհարկե, դա կողմերի որոշելիքն է, դա նրանց ինքնիշխան հարցն է։ Բայց, կրկնում եմ, Ռուսաստանը հավատարիմ եղել է, մնում է և կմնա այս ուղղությամբ ակտիվ աշխատանքին:Այս հարցը մեզ համար կենսական նշանակություն ունի։ Հարավային Կովկասի տարածաշրջանը մեզ համար շատ կարևոր տարածաշրջան է, և մեր կենսական շահերից է բխում, որ տարածաշրջանը լինի խաղաղ, կայուն և բարգավաճ»,- ընդգծել է Կոպիրկինը։