armeniasputnik.am: Ռուսաստանը շատ լրջորեն է վերաբերվում Հայաստանում առկա իրավիճակին, ՀՀ-ի հանդեպ իր դաշնակցային պարտավորություններին և ամեն ջանք գործադրում է, որ երկրում խաղաղության, անվտանգության և զարգացման դարաշրջան հաստատվի։ Այս մասին «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նրա խոսքով Մոսկվան աջակցում է բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված են Հարավային Կովկասում իրավիճակի կայունացմանը, խաղաղության և կայունության հաստատմանը։
«Մեր կարծիքով այսօր այդ ջանքերը, որոնց մասին խոսել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը, պետք է նպաստեն եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը, որոնք ամրագրվել են երեք երկրների ղեկավարների կողմից՝ եռակողմ հայտարարությամբ»,- ասել է Կոպիրկինը։
Դեսպանն ընդգծել է, որ դա Ռուսաստանի սկզբունքային և հայեցակարգային դիրքորոշումն է, և դրա հիման վրա է, որ աշխատանքներ են տարվում, ակտիվ ջանքեր են գործադրվում գործընթացն առաջ տանելու համար։
Կոպիրկինը նշել է, որ Մոսկվան հենց այդպես է տեսնում բոլոր այն երաշխիքները, որոնց դեպքում էսկալացիա չի լինի, և կողմերը կգան համաձայնության, որը կբխի Հարավային Կովկասի բոլոր երկրների ու ժողովուրդների շահերից։
«Մենք մշտապես կապի մեջ ենք կողմերի հետ և ակտիվորեն առաջ ենք տանում խաղաղության օրակարգը՝ տրամադրելով միջնորդական ծառայություններ։ Հուսով ենք՝ շուտով հանդիպում կկայանա Մոսկվայում»,- ասել է նա։
Դիվանագետն ընդգծել է, որ ռուսական խաղաղապահ զորախումբն աշխատում է Լեռնային Ղարաբաղում, ջանքեր է գործադրում և լուծում իր առջև դրված առաջադրանքները, չնայած խնդիրներին՝ օգնում է կարգավորել իրավիճակը, այդ թվում՝ Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ։
Նա կրկին նշել է, որ կողմերի հետ աշխատանքներ են տարվում կարգավորման բոլոր ձևաչափերով աշխատանքին խթան տալու համար. եռակողմ խումբն էլ աշխատանքներ է տանում տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, խաղաղության պայմանագրի կնքման և սահմանների սահմանազատման ուղղությամբ: