factor.am: Դեկտեմբերի 3-ի գիշերը ռուսական բանակը «Շահեդ»-ներով հարվածել է Տերնոպոլին։ Անօդաչուն թիրախավորել է էլեկտրամատակարարման հանգույց, քաղաքի մի մասը հոսանքազրկվել է, տեղի իշխանություններին հղումով հայտնում է Current Time-ը։
«Թշնամական ԱԹՍ-ն հարվածել է Տերնոպոլի տարածքում կրիտիկական ենթակառուցվածքի։ Քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության»,- գրել է Տերնոպոլի քաղաքապետ Սերգեյ Նադալը իր տելեգրամ ալիքում։ Նրա խոսքով՝ արտակարգ ծառայությունների աշխատակիցներն ու էներգետիկներն աշխատում են գրոհի հետևանքները չեզոքացնելու ուղղությամբ։
Միևնույն ժամանակ Նադալը կոչ է արել տեղի բնակիչներին ջուր հավաքել, քանի որ էլեկտրաէներգիայի խափանման պատճառով կանխատեսվում են նաև ջրամատակարարման հետ կապված խնդիրներ։ Դեկտեմբերի 2-ի գիշերը Տերնոպոլում «Շահեդները» հարվածել էին հինգ հարկանի բնակելի շենքի, ինչի հետևանքով մահացել էր մեկ մարդ, ևս երեքը՝ վիրավորվել։
Նոյեմբերի 26-ի գիշերն էլ անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով քաղաքի էներգետիկ ենթակառուցվածքները լրջորեն վնասվել էին, քաղաքում հոսանքի ու ջրի մատակարարման հետ կապված խնդիրներ էին առաջացել, տրոլեյբուսները ժամանակավորապես դադարեցրել էին իրենց աշխատանքը։