Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ պատասխան պատժամիջոցներ կսահմանվեն «ոչ բարեկամական գործողություններ» կատարած երկրների և իրավաբանական անձանց դեմ։ Կառավարությունը պետք է 10-օրյա ժամկետում որոշի այն անձանց ցանկը, որոնց վրա կտարածվեն այս պատժամիջոցները, գրում է «Կոմերսանտը»։
Հրամանագրի շրջանակում արգելվել է․
- պատժամիջոցների տակ հայտնված օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձնանց հետ գործարքներ իրականացնելն ու նրանց նկատմամբ ունեցած պարտավորությունները կատարելը (այդ թվում՝ արդեն կնքված արտաքին առևտրային պայմանագրերով);
- Ռուսաստանից հումք և ապրանքներ արտահանել՝ հօգուտ սև ցուցակում հայտնված անձանց։
Փետրվարի վերջից արևմտյան երկրները պատժամիջոցներ են կիրառում Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինա ներխուժման պատճառով։ Ռուսաստանն այդ ֆոնին մարտին ընդլայնել է «ոչ բարեկամ» երկրների ցանկը։ Դրանում այժմ 48 սուբյեկտ կա։
Նորա Վանյան