Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
«Անցած տասնամյակների ընթացքում շատ բան է արվել ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման ուղղությամբ՝ հիմնված բարեկամության և փոխադարձ հարգանքի լավ ավանդույթների վրա։ Ընդլայնվում է կառուցողական քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև արդյունավետ համագործակցությունը առևտրատնտեսական, գիտական, տեխնիկական, հումանիտար և այլ ոլորտներում։
Այս տարին նշանավորվում է կարևոր ձեռքբերումով՝ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի ստորագրմամբ։ Վստահ եմ, որ երկկողմ հարաբերությունները նոր, որակապես ավելի բարձր մակարդակի հասցնելը համապատասխանում է մեր ժողովուրդների հիմնարար շահերին»,- նշված է Կրեմլի պաշտոնական հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ այս տարի փետրվարի 22-ին Պուտինն ու Ալիևը ստորագրել են 43 կետից բաղկացած դաշնակցային համագործակցության հռչակագիր։