Լուկաշենկոն հեռախոսով Պուտինին մանրամասներ է հայտնել «Վագներ»-ի ղեկավարության հետ բանակցությունների արդյունքների մասին։ Այս մասին հայտնում են Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունից։
Ըստ հաղորդագրության՝ Ռուսաստանի նախագահը սատարել և շնորհակալություն է հայտնել բելառուս գործընկերոջը կատարած աշխատանքի համար։
Հիշեցնենք, որ «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինը ռազմական հեղաշրջման կոչ էր հնչեցրել և շարժում սկսել իր խմբավորման հետ․ «Մենք 25 հազար ենք և գնում ենք պարզելու ինչու է երկրում ամենաթողություն տիրում», – հայտարարել էր Պրիգոժինը։ ՌԴ-ում անվտանգության աննախադեպ միջոցներ էին ձեռնարկվել։ «Վագներ»-ը հասել էր ՌԴ Լիպեցկի շրջան․ դրա ղեկավարը հաստատել էր, որ «Վագներ»-ի տեխնիկան շարժվում է Լիպեցկի տարածքով։
Բելառուսի նախագահ Լուկաշենկոն ՌԴ նախագահի համաձայնությամբ բանակցություններ էր վարել Պրիգոժինի հետ, վերջինս ընդունել է Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնելու շարժումը Ռուսաստանում և հետագա քայլեր ձեռնարկելու լարվածությունը թուլացնելու համար։
Պրիգոժինը մեկնաբանելով նշել է․ «Այս ընթացքում մենք մեր մարտիկների արյունից ոչ մի կաթիլ չենք թափել։ Հիմա այն պահն է, երբ կարող է արյուն թափվել։ Ուստի, գիտակցելով ամբողջ պատասխանատվությունը այն բանի, որ կողմերից մեկում ռուսական արյուն է թափվելու, մենք մեր շարասյուները շրջում ենք և հակառակ ուղղությամբ՝ ըստ պլանի, մեկնում ենք դաշտային ճամբարներ»։