ՊՆ նախկին շենքի բնակիչները 5–րդ գիշերն են լուսացրել դրսում |news.am|

news.am: Պաշտպանության նախարարության նախկին շենքի բնակիչները, որոնց ոստիկանները դուրս էին հանել այնտեղ ապօրինի բնակվելու պատճառաբանությամբ, կրկին գիշերել են շենքի մոտ։

«Ես առողջական խնդիր ունեմ, գիշերում եմ բարեկամիս տանը, ամբողջ օրն էլ միշտ այնտեղ եմ։ Բայց բազմաթիվ մարդիկ շարունակում են գիշերել այնտեղ»,-  ասաց շենքի նախկին բնակիչ Անգելինա Էվանյանը:

Նշենք, որ շենքի առջեւ գիշերող քաղաքացիները վրաններ են տեղադրել, տաքանում են վառարանով։

Հիշեցնենք՝ փետրվարի 16–ին, ոստիկանությունը ՊԵԿ-ի գրության հիման վրա, ապօրինի ներխուժումը վերացնելու պահանջով, այդ շենքերում ապրող մարդկանց դուրս էր հանել շենքից։ Այդ օրը 26 անձ էր բերման ենթարկվել՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):

«Մենք չենք ներխուժել, ներխուժումն ենք վերացրել․․․ Բազմիցս զգուշացված է եղել, որ իրենք ապօրինի են այդ տարածքում գտնվում»,- հայտարարել էր ՆԳՆ ոստիկանության հասարակական կարգի ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալ Գևորգ Ազիզյանը։ 

ՊՆ նախկին շենքը 2008 թվականից է դադարել ծառայել պաշտպանության նախարարությանը։ 

Կառավարության 2022 թվականի ապրիլի 15-ի որոշումով ՊՆ-ին պատկանող 71 միավոր գույք, այդ թվում՝ ՊՆ նախկին վարչական շենքը, զորամասեր, շենք-շինություններ, հողամասեր, զինավաններ, ամրացվել էին Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ օտարելու կամ այլ նպատակով տնօրինելու նպատակով։ Այս որոշումը, հատկապես զորամասերի օտարման փաստը, մեծ աղմուկ բարձրացրեց։

Պաշտպանության նախարարությունը պարզաբանում էր տարածել՝ նշելով, որ պետությունը տարիներ շարունակ պատկառելի գումարներ է ծախսում ՊՆ նախկին վարչական համալիրի պահպանության համար, մինչդեռ դրա օտարման դեպքում ոչ միայն հնարավոր կլիներ տնտեսել դրանք, այլև տվյալ շենքի վաճառքից գոյացած գումարները կուղղվեին պաշտպանական մի շարք խնդիրների լուծմանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով