Պետք է հասնենք նրան, որ Հայաստանում քաղցկեղը դատավճիռ չլինի. ոչ մի ուռուցքով հիվանդ չմեկնի այլ երկիր՝ բուժման նպատակով. Անահիտ Ավանեսյան |armenpress.am|

armenpress.am: Նորաբաց պալիատիվ ծառայության կլինիկան ունենալու է 26 հիվանդասենյակ՝ 30 մահճակալով, առանձին սոցիալ-հոգեբանական ծառայության թիմ, որն աշխատելու է ոչ միայն պացիենտների, այլև հարազատների հետ: Աշխատակազմը ներառում է 45 հաստիք:  

Ընդհանուր կապիտալ ներդրումը կազմում է 306 մլն ՀՀ դրամ, որն իրականացվել է ՈւԱԿ-ի խնայողությունների հաշվին: 

«Մենք նվիրումով և ջանասիրությամբ պետք է հասնենք նրան, որ Հայաստանում քաղցկեղը դատավճիռ չլինի, որ մեր քաղաքացին առերեսվելով ախտորոշման հետ՝ հնարավորություն ունենա արժանապատիվ պայմաններում ստանալ հասանելի, իր կարիքներին համապատասխան բարձրորակ բուժօգնություն»,- պալիատիվ ծառայության կլինիկայի բացման և ՈւԱԿ-ի հիմնադրման 75-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը

Ավանեսյանի խոսքով՝ 2019 թվականին Ուռուցքաբանության ազգային կենտրոնին հատկացված պետական պատվերը շեշտակի` 78%-ով աճել է 2018 թվականի համեմատ, վերջին 2 տարիներին ևս ավելացել են հատկացումները, 55%-ով էլ ավելացել են վճարովի ծառայությունները: Իսկ շահառուների թիվը 2021-ին՝ 2020 թվականի համեմատ, ավելացել է 27%-ով: Կրկնակի բարձրացրել են նաև աշխատավարձային ֆոնդը: 

«Հիվանդանոցը վերազինվել է 150 անուն ժամանակակից սարք-սարքավորումներով, լուծվել է ենթակառուցվածքների խնդիրը` կառուցվել են նոր շինություններ, իրականացվել են վերանորոգման աշխատանքներ»,- նշեց նախարարը:

Ավանեսյանը վստահեցրեց, որ առողջապահության նախարարությունը շարունակելու է նպաստել ուռուցքաբանության զարգացման բոլոր նախաձեռնություններին և ապահովել Հայաստանում հասանելի և որակյալ բժշկական ծառայություններ` ուշադրության կենտրոնում պահելով մարդուն։ 

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը ներկայացրեց պալիատիվ ծառայության էությունը և կարևորությունը երկրի  համար։ 

Նա շնորհավորելով կենտրոնի տարեդարձն՝  ընդգծեց, որ 75 տարիների ընթացքում  կենտրոնն իր կայուն տեղն ու դերն է ունեցել երկրի առողջապահական համակարգում։ Նա նշեց, որ ՀՀ-ում ուռուցք ունեցողների մոտ 70-80 տոկոսն իր բուժումը ստանում է իրենց կենտրոնում։ 

«Մենք նպատակադրվել ենք առաջիկա 2 տարիների ընթացքում դառնալ զարգացած երկրներում հայտնի ուռուցքաբանական կլինիկաներին հավասար մրցակից։ Իրականում, սրանք զուտ խոսքեր կամ տեսլական չեն. վերջին 3 տարում բուժհիմնարկում կատարվել են մեծածավալ աշխատանքներ թե՛ կենցաղի, թե՛ սարքավորումների և թե՛ նոր մասնագետների ու ծառայությունների ուղղությամբ։ 

ՈւԱԿ-ն իր խնայած միջոցների հաշվին նաև մեծածավալ ներդրումներ է կատարել. այն 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում 258-րդն է: Այս ամենի վերջնարդյունքը պետք է լինի այն, որ ոչ մի ուռուցքով հիվանդ Հայաստանից չմեկնի այլ երկիր՝ բուժման նպատակով»,- նշեց նա:

Միջոցառումների շրջանակում բացվեց  նաև ՈւԱԿ-ի պրոֆեսոր Հայրապետ Գալստյանի անվան գիտաուսումնական կոնֆերանս դահլիճը։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Երևանի փոխքաղաքապետեր Տիգրան Ավինյանը և Գևորգ Սիմոնյանը, Աժ պատգամավորներ Արսեն Թորոսյանը և Նարեկ Զեյնալյանը, ՀՀ բժշկական կենտրոնների տնօրեններ, Ռուսաստանի Դաշնությունից, Ֆրանսիայից, Վրաստանից ժամանած գործընկերներ, պաշտոնատար այլ անձինք։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով