Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ուկրաինական Մարիուպոլ քաղաքի «Ազովստալ» գործարանում գտնվող ուկրաինացի զինվորականները վայր են դնում զենքն ու հանձնվում են։ Նա հերքել է այն, որ զինվորականներին տարհանում են, և կարծում է, որ նրանց դուրս բերելու գործընթացը կապված չէ Ուկրաինայի հետ բանակցությունների վերսկսման հետ, հայտնում է «Կոմերսանտը»։ Երեկ Մոսկվան ու Կիևը հայտարարել են, որ բանակցությունները կասեցված են։
Ռուսաստանը պնդում է, որ «Ազովստալի» ուկրաինացի զինվորականները գերի են հանձնվում։ Ուկրաինան դա անվանում է զինվորականներին դուրս բերելու հումանիտար գործողություն, Կիևը հետագայում ուզում է նրանց փոխանակել ռուսաստանցի ռազմագերիների հետ։ Այս առնչությամբ Պեսկովն այսօր ասել է, որ «մեկնաբանությունը կարող է միայն միանշանակ լինել»։ «Նրանք, ովքեր [այնտեղ] թաքնվում էին, այն զինվորականները, որոնք թաքնվում էին «Ազովստալի» տարածքում, զենքը վայր են դնում և հանձնվում են», – կարծում է նա։
Պեսկովը նաև հայտնել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցություններն «իրոք առաջ չեն շարժվում»։ «Չեմ կարծում, որ դրանք մեծապես փոխկապակցված գործընթացներ են (բանակցություններն ու «Ազովստալից» զինվորականներին դուրս բերելը – խմբ․)․․․ Մենք իրոք արձանագրում ենք այս գործընթացը շարունակելու ցանկության լիակատար բացակայություն ուկրաինացի բանակցողների մոտ», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
ՌԴ ՊՆ տվյալներով՝ արդեն «գերի է հանձնվել Ուկրաինայի և «Ազով» ստորաբաժանման» 959 զինծառայող։ ՌԴ Քննչական կոմիտեն մտադիր է նրանց հարցաքննել։ Ռուսաստանի Պետդումայում քննարկում են ռուսաստանցի գերիների հետ «Ազովի» անդամների փոխանակման արգելքի հարցը, իսկ ստորաբաժանումն ուզում են ահաբեկչական կազմակերպություն ճանաչել։
Նորա Վանյան