«Գազպրոմի» դուստր-ձեռնարկությունների դեմ Ռուսաստանի պատժամիջոցները նշանակում են, որ ՌԴ-ն նրանց հետ ոչ մի հարաբերություն չի ունենալու, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք «Գազպրոմի»՝ Եվրոպայում գտնվող նախկին և ներկայիս դուստր-ընկերությունների դեմ պատժամիջոցները կբարդացնեն գազի մատակարարումը՝ Պեսկովն ասել է․ «Դրանք պատժամիջոցներ են, որոնք արգելափակում են մտցնում այս ընկերությունների նկատմամբ […], այդ պատճառով էլ այս ընկերությունների հետ փոխհարաբերություններ չեն լինելու, դրանք պարզապես արգելված են»։
Այն հարցին, թե ինչպես է դա ազդելու Եվրոպային գազ մատակարարելու վրա, Պեսկովը պատասխանել է․ «Այդ ընկերություններն այլևս չեն կարող մասնակցել գործընթացին, հավանաբար ուրիշ ընկերություններ կմասնակցեն դրան»։
Ռուսաստանը մայիսի 11-ին արգելափակող պատժամիջոցներ էր սահմանել Gazprom Germania խմբի նկատմամբ, որն այժմ Գերմանիայի կառավարությանն է ենթարկվում։
Այսօր ավելի վաղ Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը հայտնել էր, որ Գերմանիայում «Գազպրոմի» դուստր-ձեռնարկությունները երեկվանից դադարել են գազ ստանալ Ռուսաստանից, սակայն շուկան թույլ է տալիս դա փոխհատուցել։
Նրա խոսքով՝ գերմանացի մասնագետները «մշտադիտարկում են իրավիճակն ու պատրաստ են դրան»։ «Շուկան կարող է փոխհատուցել Ռուսաստանից գազի մատակարարումների բացակայությունը», – ասել էր նա։
Նորա Վանյան