1lurer.am: Չինաստանի կառավարությունը պնդում է, որ ԱՄՆ-ի օդային տարածքում խոցված օդերևութաբանական զոնդի բեկորները վերադարձվեն՝ հայտարարել է ՉԺՀ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։
«Այդ օդապարիկը չի պատկանում ԱՄՆ-ին, այն պատկանում է ՉԺՀ-ին։ Չինաստանի կառավարությունը կշարունակի վճռականորեն պաշտպանել իր օրինական իրավունքներն ու շահերը»,- նշել է պաշտոնյան։
Նա ընդգծել է, որ չինական օդապարիկը նախատեսված էր բացառապես քաղաքացիական նպատակների համար և սպառնալիք չէր ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգության համար:
Հիշեցնենք, որ Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը փետրվարի 2-ին հայտնել էր, որ ԱՄՆ կառավարությունը մի քանի օր երկրի հյուսիսային մասում հետևում է հետախուզական օդապարիկի, որը, ԱՄՆ իշխանության կարծիքով, արձակել է Չինաստանը:
Ավելի ուշ ամերիկացի զինվորականները ԱՄՆ օդային տարածքում խոցել էին հայտնաբերված օդապարիկը, ինչի առթիվ էլ Պեկինը իր բողոքն էր հայտնել Վաշինգտոնին։
Չինաստանի ԱԳՆ-ն հանդես եկավ նաև հայտարարությամբ՝ նշելով, որ Պեկինն իրեն իրավունք է վերապահում պատասխան միջոցներ կձեռնարկել, եթե ԱՄՆ-ը չինական օդապարիկի հետ կապված միջադեպն օգտագործի՝ ի վնաս Չինաստանի շահերի ու արժանապատվության։