Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. Նիկոլ Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Նիկոլ Փաշինյանի կարծիքով Հայաստանում շատ ալերգիկ վերաբերմունք կա անկլավների/էքսկլավների թեմայի հետ կապված։

«Բայց ես ուզում եմ հիշեցնել, որ մենք անկլավ/էքսկլավի թեմայից չենք կարող հրաժարվել, որովհետև ՀՀ 29 հազար 743 քառակուսի կմ ինքնիշխան տարածքի մեջ մտնում է նաև Արծվաշենը, որը էքսկլավ է մեր տեսակետից, անկլավ է Ադրբեջանի տեսակետից: Մենք պայմանավորվել ենք, որ այդ հարցին անդրադառնալու ենք»,- այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով ձեռք բերված պայմանավորվածությանը:

Վարչապետի խոսքով նախ՝ իրենք պատրաստվում են դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը:

«Ես ոչ թե դա կասկածի տակ եմ դնում, այլ ասում եմ, որ աշխատանքային պրոցեսում սահմանազատման հանձնաժողովները սեղանին պետք է դնեն փաստաթղթերը: Երբ մենք դա դե յուրե կհիմնավորենք, արդեն Արծվաշենի սահմանի սահմանազատում պետք է տեղի ունենա, որովհետև այն պարփակված է սահմանով և գնանք առաջ, տեսնենք՝ ինչ լուծումներ կան»,- տեղեկացրել է վարչապետը:

Հիշեցնենք, որ Պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները երեկ նախնական համաձայնեցրել էին սահմանագծի առանձին հատվածները ԽՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:

Վարչապետի աշխատակազմից էլ հայտնել էին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև չորս գյուղերի հատվածում գոյություն կունենա սահմանազատված պետական սահման։

Տավուշցիները երեկվա պայմանավորվածություններից հետո բողոքի ակցիա են սկսել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով