news.am: Պատգամավորներին միայն չեն քաշքել, կոնկրետ խփել են՝ ինձ, Աշոտ Սիմոնյանին, Գեղամ Մանուկյանին, Արամ Վարդևանյանին, Աղվան Վարդանյանին, Տիգրան Աբրահամյանին, այսինքն՝ ունեցել են հստակ հանձնարարություն: Այս մասին, այսօր՝ մայիսի 30-ին, Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
«Այդ կարմիր բերետները ղեկավարվում են հայտնի օլիգարխների կողմից: Մեզ համար ակնհայտ է, որ իրենց մեջ կան ոստիկանական համազգեստով հանցագործներ, որոնք կոնկրետ անուններով հարձակվում են քաղաքացիների, այդ թվում պատգամավորների վրա: Դրանց եւ տերերի անունը գիտենք, եւ իրենց հատ-հատ: Եթե իրենց թվում է, որ մարսելու են, սխալվում են: Որեւէ իշխանություն հավերժ չի: Իսկ այս իշխանությունը խիստ ժամանակավոր է»,-ասաց նա:
Սաղաթելյանը հավելեց, որ այսօրվա դեպքերով իրենց փաստաբանները եւ պատգամավորները զբաղվում են արդեն:
Նա նշեց, որ շարունակելու են իրենց ակցիաները և լինելու են տարբեր գերատեսչություններում՝ նույն օրակարգով։ «Մեզ համար շատ կարեւոր է, որ մեր մյուս հայրենակիցները, որոնք բարձր դիրքեր են զբաղեցնում, պարտավոր են դիրքորոշում հայտնել: Հունիսի 3-ը իրենց գերեզմանն է, որովհետեւ դրանից հետո իրենց բոլոր փաստարկները դառնում են անիմաստ»,-ասաց նա:
Խոսելով այսօրվա գործողություններից՝ Սաղաթելյանը նշեց, որ 19․00-ին լինելու է հանրահավաք, որը իր ֆորմատով տարբերվելու է նախորդներից: Վաղը առավոտվանից կսկսեն անհնազանդության ակցիաները, իսկ երեկոյան կլինի հանրահավաք ու երթ։