Պաղեստինը հայտնել է Ջենինում 10 զոհի և 100 վիրավորի, իսկ Իսրայելը՝ 120 ձերբակալվածի մասին |armenpress.am|

armenpress.am: Հորդանան գետի արևմտյան ափին հուլիսի 3-ից Իսրայելի մեկնարկած գործողության հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի և վիրավորների թիվն աճել է։ Իսրայելի պաշտպանության բանակը Ջենինում իրականացվող գործողությունը որակել է որպես «հակաահաբեկչական», իսկ Պաղեստինի իշխանությունները դատապարտել են այն՝ որակելով որպես «ներխուժում» և «նոր պատերազմական հանցագործություն»։

Պաղեստինի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ զոհերի թիվը հասել է 10-ի, շուրջ 100 մարդ վիրավորվել է։ Վիրավորներից 20-ի վիճակը ծանր է։ Իսկ Պաղեստինի կարմիր մահիկը հաղորդել է, որ Ջենինի փախստականների ճամբարից, որտեղ շուրջ 14 հազար մարդ է բնակվում, տարհանվել է 3000 մարդ։ Կարմիր մահիկի ներկայացուցիչը BBC-ին հայտնել է, որ կազմակերպության անձնակազմերը դժվարությամբ են իրականացրել մարդկանց տարհանման աշխատանքները ճամբարում վնասված ճանապարհների պատճառով։

Իսրայելի պաշտպանության բանակն (ԻՊԲ) իր հերթին հայտնել է, որ գործողությունը կարող է ավարտվել մի քանի օրվա ընթացքում՝ նախատեսվածից ավելի արագ։ Ըստ ԻՊԲ-ի գլխավոր խոսնակ Դանիել Հագարիի՝ գործողությունն արդեն հասել է իր նպատակների մեծ մասին՝ բախվելով ավելի քիչ դիմադրության և կողմնակի բարդությունների, քան մինչ այդ հետախուզությունը գնահատել էր։ Ըստ խոսնակի՝ ԻՊԲ-ն նախապես նշել էր հրամանատարական կենտրոններ և զենքի ու զինամթերքի պահեստներ հանդիսացող մի քանի տասնյակ թիրախներ, որոնք պետք է ոչնչացներ։ Դրանցից 20-ն, ըստ Հագարիի, արդեն ոչնչացվել են անօդաչու թռչող սարքերի միջոցով, մի մասն էլ՝ ԻՊԲ-ի ցամաքային զորքերի, դեսանտայինների, անվտանգության գործակալության և այլ ուժերի կողմից։ Հաղորդվել է նաև 120 պաղեստինցիների ձերբակալության մասին։ Ավելի վաղ իսրայելական կողմը ևս հայտնել էր, որ Ջենինում 10 մարդ է զոհվել։

Պաղեստինի մի շարք բնակավայրերում հարյուրավոր մարդիկ ցույցի են դուրս եկել՝ բողոքելով Ջենինում Իսրայելի գործողության դեմ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով