news.am: Չինաստանը, ի պատասխան այն բանի, որ իր դիվանագետը վտարվել է, բողոքի նոտա է հանձնել Շանհայում Կանադայի հյուպատոսին, նա պետք է հեռանա երկրից։ Այս մասին նշվել է Չինաստանի ԱԳՆ հաղորդագրությունում, տեղեկացրել է Reuters-ը։
Հայտարարությունում նշվել է, որ կանադացի դիվանագետ Ջենիֆեր Լին Լալոնդը պարտավոր է հեռանալ Չինաստանից մինչեւ մայիսի 13-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կանադան անցանկալի անձ էր հայտարարել չինացի դիվանագետին՝ Տորոնտոյում Չինաստանի գլխավոր հյուպատոսության աշխատակցին, եւ վտարել էր նրան երկրից։
Կանադայի ԱԳՆ-ում հայտարարել են, որ չինացի դիվանագետը՝ Չժաո Վեյը, զբաղվել է մի գործունեությամբ, որը կապված է եղել Կանադայի ներքին գործերին միջամտության հետ։
Չինաստանի դեսպանությունն, իր հերթին, խիստ դատապարտել է Կանադայի իշխանությունների գործողությունները։ Օտտավան մեղադրվել է միջազգային իրավունքի հիմնական նորմերի խախտման եւ չին-կանադական հարաբերությունների սաբոտաժի մեջ։
Չինաստանի դեսպանությունն իր դիվանագետին վտարելը համարել է «ստոր» արարք, որը կատարվել է որոշ քաղաքական գործիչների եւ ԶԼՄ-ների հրահրած՝ այսպես կոչված «չինական միջամտության» մասին ասեկոսեների հիման վրա։