news.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը կարծում է, որ ԵՊՀ-ում տեղի ունեցածը բուհի ռեկտորի` Հովհաննես Հովհաննիսյանի հրաժարականի հարցը բարձրացնելու պատճառ չէ։
«Չեմ կարծում, թե դժբախտ պատահարի գրանցման պատճառով պետք է նման հարց բարձրացնել»,-ասաց նա կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:
«Նախ պետք է պարզել՝ ինչ է տեղի ունեցել, որն է եղել հիմնական պատճառը։ Եթե դա տեղի է ունեցել որևէ մեկի՝ աշխատանքային պարտականությունները թերի կատարելու հետևանքով, պետք է հետամուտ լինել դրան»,- նշեց նախարարը։
Անդրեասյանի խոսքով` այս պահին ուսումնասիրություններ են ընթանում՝ պարզելու հրդեհի պատճառը, մի քանի տարբերակներ են քննարկվում։
«Կարծում եմ՝ ճիշտ կլինի սպասել մասնագիտական եզրակացությանը»,- ասաց նա` հավելելով, որ հրդեհը, բարեբախտաբար, կարողացել են արագ մարել, և ավելի մեծ խնդիրներ չեն առաջացել։
Հիշեցնենք, որ այսօր ԵՊՀ Քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկում հրդեհի բռնկումով տեղի ունեցած պայթյունի հետևանքով աշխատակիցներից մեկը զոհվել է, երեք անձ տեղափոխվել հիվանդանոց:
Նախնական տեղեկություններով՝ պայթյուն է տեղի ունեցել Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի մասնաշենքում։ Նախնական վարկածով՝ հրդեհը բռնկվել է հոսանքի տատանումների պատճառով։
ԵՊՀ մամուլի խոսնակը տեղեկացրել է, որ ԵՊՀ-ում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է 1, վիրավորվել՝ 3 մարդ։